ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ
Ռուսաստանի դիրքորոշումն ալբանական Կոսովոյի խնդրում անսպասելի չէր։ Այսպես թե այնպես, Ռուսաստանը պետք է արձագանքեր այն գործընթացին, որը թելադրված էր ամերիկա-բրիտանական ամենահզոր քաղաքական խմբավորման աշխարհաքաղաքական շահերով։ Բալկանյան ճգնաժամի զարգացման հենց սկզբից, որի մեջ ընդգրկված էին առաջատար պետություններն ու ուժային կենտրոնները, պարզ դարձավ, որ Բալկանները դառնալու է երկարաժամկետ պայքարի հրապարակ։ Եվ այդ պայքարն ընթանալու է մի կողմից` ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի, մյուս կողմից` ֆրանս-գերմանական բլոկի և Վատիկանի միջև։ Այդ պայքարում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ միջազգային իսլամական կազմակերպությունները որոշիչ տեղ զբաղեցնել չկարողացան։ Հերթական անգամ միջազգային փորձագիտական հանրությանը չհաջողվեց ըստ արժանվույն գնահատել բրիտանական և գերմանական քաղաքական հավակնությունները։
Մեծ Բրիտանիան խնդիր էր դրել թույլ չտալ Գերմանիային` վերահսկողություն հաստատել կարևորագույն գեոտնտեսական ուղղություններում։ Գերմանիան իր հերթին ճեղքում իրականացրեց` ճանաչելով Խորվաթիայի ու Սլովենիայի անկախությունը և, հանդես գալով Վատիկանի հետ համատեղ, ամեն դեպքում կարողացավ որոշ չափով ընդլայնել իր ազդեցությունը Կենտրոնական Եվրոպայում։ Սակայն այդպես էլ մնում է տարածաշրջանային, բայց ոչ համաշխարհային խոշոր տերություն։ Ֆրանսիան այդպես էլ չկարողացավ որոշակիացնել իր շահերը և ռազմավարությունը Բալկաններում, ի վերջո, բավարարվելով իր գլխավոր գործընկեր Գերմանիայի «չափավոր հաջողությամբ»։ Հենց այս ռազմավարությունների կիրառման հիման վրա էլ սկսվեց հակամարտությունների էսկալացիան Բոսնիայում, Կոսովոյում ու Մակեդոնիայում։
Ալբանական Կոսովոյի անկախացումը տարածաշրջանում բրիտանա-ամերիկյան ռազմավարության հաստատման կարևոր տարր է։ Կոսովոն դարձավ բավական կոշտ ոչ հրապարակային քաղաքական պայքարի թատերաբեմ մայրցամաքային Եվրոպայի առաջատար պետությունների և բրիտանական քաղաքական գործիչների ու ծրագրավորողների միջև։ Ըստ որում, այդ աշխարհաքաղաքական պայքարը զուգակցվում էր գաղափարական պայքարով, երբ լիբերալ ու կաթոլիկ Եվրոպան հանդես էր գալիս Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության ու ԱՄՆ-ի հանրապետականների աջպահպանողական գաղափարախոսության դեմ։ Անշուշտ, այսպիսի ընդհանուր գնահատականն ամբողջական պատկերացում չի տալիս տվյալ քաղաքական գործընթացի իրական մասնակիցների մասին, և այն, անշուշտ, չի սահմանափակվում բացառապես լիբերալներ-պահպանողականներ պայքարով, սակայն գաղափարական բաղադրիչն այստեղ իր նշանակությունն ունեցել է։ Եթե օգտագործելու լինենք շատ պայմանական ձևակերպում, ապա Կոսովոյի անկախացման «հովանավորներից» մեկը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգրեթ Թետչերն է։
Ռուսաստանը բալկանյան ճգնաժամը դիմավորեց կիսափլուզված վիճակում, երբ արդեն սկսվել էր չեչենական պատերազմը։ Եթե հաշվի առնենք, որ «բալկանյան» և «կովկասյան» նախագծերի հեղինակներն անձնավորված առումով նույն քաղաքական գործիչներն էին, կարելի է պատկերացնել, թե ինչպիսին էին այդ և դրանց ուղեկցող ճգնաժամերի ակտիվությունն ու հերթականությունը։ Սակայն Ռուսաստանի համար գլխավոր խնդիրը բալկանյան ճգնաժամի խորացման ընթացքում արտաքին քաղաքականության ոլորտում գրագետ ծրագրավորումն ու համապատասխան գործիչների առկայությունն էր։ «Հայրենասիրական ոգևորության» գագաթնակետը եղավ Ատլանտյան օվկիանոսի վրա Ե. Պրիմակովի օդանավի շրջադարձը։ Սակայն կարիք չկա այդ կրկեսային հնարքները վերագրել անցյալին. քանի ողջ է Ե. Պրիմակովը, Ռուսաստանի կողմից ցանկացած դաշնակցին հանձնելու գործողությունը միանգամայն հնարավոր է։
Ներկայումս Ռուսաստանը փորձում է հարձակման անցնել արտաքին քաղաքական ողջ ճակատով և Կոսովոյի հարցում հետ բերել կորցրածը։ Եվ հնարավոր չէր մտածել ավելի «պրիմակովյան» բան, քան Ռուսաստանի նախագահի արտահայտած դիրքորոշումն այս հարցում։ Կոսովոյի խնդիրն ունի իր առանձնակի քաղաքական տրամաբանությունը և ծրագրային ապահովումը, ինչը թույլ չի տա Ռուսաստանին` օգտագործել այն իր աշխարհաքաղաքական նպատակներում։ Ալբանական Կոսովոն, իբրև անկախ պետություն, վերջնականապես ճանաչվելու է, և Ռուսաստանը կրկին հայտնվելու է երկիմաստ վիճակում։ Կոսովոյի նկատմամբ դիրքորոշումը հստակեցնելով` Ռուսաստանը փորձում է համախմբված հանդես գալ մայրցամաքային Եվրոպայի այն պետությունների հետ, որոնք անթաքույց կասկածի տակ են դնում այդ նախագծի նպատակահարմարությունը, քանի որ զգուշանում են իրադարձությունների այդպիսի զարգացումից` ենթադրելով, որ դա կհանգեցնի համանման նոր պրոբլեմների առաջացման Կորսիկայում, Կատալոնիայում, Էլզասում, Բասկոնիայում, Պիեմոնտում, Բրետանում, Տրանսիլվանիայում և մոռացության տրված այլ հարցերում։
Դժվար չէ հասկանալ, թե ինչ նպատակ են հետապնդում ԵԽԽՎ-ի ու Եվրոպական խորհրդարանի բանաձևերը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ։ Դրանք շատ են հիշեցնում ԽՄԿԿ կենտկոմի ու քաղբյուրոյի հայտարարությունները։ Ինչով ավարտվեց այդ մոսկովյան կազմակերպությունների գործունեությունը, հայտնի է։ Եվրոպացիներն ամեն գնով ձգտում են պահպանել անհուսալի գաղութային «սկզբունքը» տարածքային ամբողջականության մասին։ Հետաքրքրություն է ներկայացնում Եվրախորհրդի վերջին որոշումը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ, որը ներառում է ինչպես «տարածքային ամբողջականության» ձևակերպումը, այնպես էլ «ազգերի ինքնորոշման սկզբունքը»։
Իսկ ինչպիսի՞ն է ԱՄՆ-ի դիրքորոշումը։ Ամերիկացիները, կոսովյան ալբանացիներին իրենց սվինների վրա ազատություն բերելով, նույնպես հայտնվել են երկիմաստ վիճակում։ Նրանք հասկանում են, որ Կոսովոյին անկախություն տալով` հարկադրված են լինելու հավիտենապես ապահովել տարածաշրջանի անվտանգությունը։ Մինչդեռ եվրոպացիները բավարարվածությամբ կընդունեին նոր հակամարտության հրահրումը, միայն թե հարկադրված չլինեին համաձայնել անկախության ճանաչման ատելի որոշման հետ։ Ըստ այդմ, ԱՄՆ-ը հարկադրված է խուսանավել «իրական քաղաքական» սկզբունքների և եվրոպական ֆոբիաների միջև։ ԱՄՆ-ը վաղուց պատրաստ է ճանաչել ոչ միայն Կոսովոյի, այլև Հյուսիսային Կիպրոսի ու ԼՂՀ-ի անկախությունը, եթե դա չհանգեցնի եվրոպական քաղաքական գիտակցության կաթվածի։ Եվ այդ պայմաններում Ռուսաստանը, որոշելով հակադրվել ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը, առաջ քաշեց չճանաչված պետությունների անկախությունը ճանաչելու մասին ունիվերսալ թեզը։
Վլադիմիր Պուտինը Սերբիան համարում է Ռուսաստանի դաշնակից։ Բայց Ռուսաստանը այդպիսի դաշնակից չունի, ինչպես նաև դաշնակիցների թվում չէ Բուլղարիան։ Դարերի սահմանագծին սերբերի բոլոր դաշնակցային պատրանքները ցրվեցին։ Ես առիթ ունեցել եմ լինելու Սերբիայում ու Կոսովոյում այդ ժողովուրդների համար ամենածանր օրերին և կարող եմ գնահատել տրամադրություններն ու մոտեցումները Ռուսաստանի նկատմամբ։ Հարկ է նշել, որ սերբական հասարակության մեջ միշտ էլ ուժեղ են եղել ոչ միայն ռուսամետ, այլև ֆրանսամետ և բրիտանամետ տրամադրությունները։ Թեպետ դա, ինչպես և շատ այլ բաներ, անսովոր են հնչում մոսկովյան «սալոններում», բայց այդ իրողությունը դեռ 19-րդ դարի երկրորդ կեսին արձանագրել է Կոստանդնուպոլսում ռուսական ռեզիդենտ, փայլուն քաղաքագետ Կոնստանտին Լեոնտևը։ Ռուսաստանը 19-րդ դարում շատ մեծ գին վճարեց Բալկաններում ու Կովկասում դաշնակիցներ ձեռք բերելու համար, բայց, հավանաբար, ստիպված կլինի դաշնակիցների բլոկը ձևավորել կրկին, և դա կլինի բոլշևիկյան 20-րդ դարի կեղծ ունիվերսալիզմի համար հատուցում։ Ամենացնցողն այն է, որ Ռուսաստանը որոշել է վերականգնել իր քաղաքական ներկայությունը Բալկաններում և ամրապնդել դիրքերը հետխորհրդային տարածքում Եվրոպայի հետ դաշինք ձևավորելու ճանապարհով, որն ուղղված է ԱՄՆ-ի դեմ։
Այստեղ, իհարկե, կարող է առաջանալ շփոթություն ամերիկյան ու բրիտանական քաղաքականության դիտարկման առումով, իբրև միասնական դաշինքի քաղաքականության։
Մեծ Բրիտանիայի քաղաքականությունն առանձնահատուկ է, և Լոնդոնը նույնպես կարող էր դառնալ Ռուսաստանի գործընկերը, եթե վերջինս հաստատակամություն դրսևորեր։ Բայց ամերիկյան քաղաքականությունը տարբեր է բրիտանականից, այդ թվում` աշխարհաքաղաքական կառուցվածքների ու պետական սահմանների լուրջ սրբագրման առումով։ Ռուսաստանը չի կարող հույս ունենալ Արևմուտքում դաշնակիցների ու գործընկերների ձեռքբերման` իր աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար։ Եթե դիտարկելու լինենք այդ առումով քիչ թե շատ շահագրգիռ պետությունների ցանկը, ապա եվրոպական երկրներն ու եվրոպական հանրությունը, առհասարակ, այդ իմաստով պետք է բացառել։
Իրականում Ռուսաստանը բախվել է իր համար սկզբունքային ու որոշիչ խնդրի, որը ենթադրում է ընտրություն հավասարակշռելու և առաջնահերթությունների քաղաքականության միջև արտաքին դաշտում։ Նույնիսկ ԽՍՀՄ-ը չէր կարողանում իրականացնել հավասարակշռելու ունիվերսալ քաղաքականություն տարածաշրջանային հակամարտությունների հետ կապված, իսկ Ռուսաստանի համար այդպիսի մոտեցումն ուղղակի շռայլություն է ու նրա ուժերից վեր։ Նույնիսկ ԱՄՆ-ն է հրաժարվել այդ սկզբունքից և միայն շահել է դրանից։ Մեծ Բրիտանիան առանձին պետությունների նկատմամբ ունեցած «հատուկ համակրանքի» պարագայում անգամ չի առաջնորդվում Պալմերստոնի «մշտական դաշնակիցների և շահերի» մասին սկզբունքով, որովհետև դա ընդամենը բրիտանական արիստոկրատի հնչեցրած կատակ էր և ուրիշ ոչինչ։ Եթե Ռուսաստանը ցանկանում է վերականգնել իր դիրքերը, թեկուզ հետխորհրդային տարածքում, պետք է հրաժեշտ տա հավասարակշռելու սկզբունքին ու առաջնորդվի հակամարտող կողմերից մեկի` իբրև առաջնային գործընկերոջ վրա հենվելու սկզբունքով։ Ծայրահեղ դեպքում կարելի է իրականացնել բոլոր հակամարտող կողմերի հետ մերձեցման քաղաքականություն, բայց, միևնույն է, մի կողմի հետ պետք է ձևավորել հատուկ հարաբերություններ։ Հարկ է նշել, որ ժամանակակից ռուսական քաղաքական վերնախավը, ինչպես երբեք, մոտ է արտաքին քաղաքականության մեջ այդ անհրաժեշտության գիտակցմանը։ Բայց ինչ-որ մեկի ամենահաս ձեռքը շարունակում է առաջնորդել Ռուսաստանը կեղծ-մեծապետական ուղիով, որը սնանկացման կհանգեցնի արտաքին քաղաքականության ոլորտում։ Ռուսաստանի դիրքորոշումը Կոսովոյի հարցում հենց այդ մոտեցման արդյունքն է, և ունիվերսալիզմի թեզի առաջքաշումը Ռուսաստանի համար կհանգեցնի դաշնակիցների կորստի ու նոր դաշնակիցներ ձեռք բերելու անհնարինության։
Ռուսաստանը երկար ժամանակ Եվրոպայի հետ իր քաղաքականությունը կառուցում էր` առաջնորդվելով «դասական» սխեմաներով և սառը պատերազմի տրամաբանությամբ, երբ անհրաժեշտություն էր դիտարկվում ատլանտյան տերությունների և մայրցամաքային եվրոպական երկրների միջև տարաբաժանման խորացումը։ Այդ քաղաքականությունն իրականում ունեցել է որոշակի հաջողություններ, բայց ոչ այն չափով, ինչ սպասում էր Մոսկվան։ Չճանաչված պետությունների հարցում Ռուսաստանը նույնպես փորձեց ստանալ Եվրոպայի որոշակի աջակցությունը, քանի որ վերջինս, ի տարբերություն ԱՄՆ-ի, փորձում է չճանաչել նոր պետությունների գոյությունը։ Գործնականում մինչև վերջերս միայն ԱՄՆ-ն է նոր պետությունների անկախության ճանաչման նախաձեռնողը տարբեր տարածաշրջաններում։ Այդ քաղաքականության մեջ ԱՄՆ-ին աջակցում էր Մեծ Բրիտանիան ու, ըստ որոշակի վարկածի, հենց Լոնդոնն է առաջ քաշել այդ գաղափարը կամ կոնցեպցիան։ Եվրոպացիները չեն փորձում արագացնել այդ գործընթացները` որդեգրելով տարբերակված մոտեցում, նկատի ունենալով անհամապատասխանությունը Կոսովոյի և կովկասյան նոր կիսաճանաչված պետությունների` Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև։ Այսինքն, Ռուսաստանի հույսերը, թե եվրոպացիները համամիտ կլինեն Մոսկվայի հետ նոր պետությունների «չճանաչման» և «տարածքային ամբողջականության» սկզբունքի պահպանման հարցում, փլուզվեցին։ Հիմա Ռուսաստանը, ինչպես նախկինում եվրոպացիները, փորձում է առանձնացնել ընդհանուր շարքից երկու նախկին վրացական նահանգները որպես «հատուկ դեպք», չընդունելով, որ նույն մոդելը պետք է կիրառվի ղարաբաղյան կամ մերձդնեստրյան հակամարտությունների պարագայում։
Այսպիսով, ԱՄՆ-ի ծրագիրը` ուղղված ռուս-վրացական հակասությունների հանգուցալուծմանը, Սևծովյան-Կովկասյան տարածաշրջանում ամերիկացիների ռազմաքաղաքական ներկայությունը նոր ձևաչափով ուժեղացնելուց բացի, հանգեցրել է Ռուսաստանի ու Եվրամիության միջև «դաշինք» ստեղծելու մտադրությունների փլուզման։ Չնայած Եվրամիության ու Ռուսաստանի դիրքորոշումների թվացյալ նմանությանը` չճանաչված պետությունների հարցում ավելի կարևոր նշանակություն ունեցան ոչ թե սկզբունքները, այլ աշխարհաքաղաքական շահերն ու անվտանգության նկատառումները։ Այդ իմաստով ԱՄՆ-ի քաղաքականությունը Կովկասում գործնականում իդեալականորեն է իրականացվել։
Ռուսաստանը երբեք չի ընկալել փոքր երկրներին ու ազգերին որպես գործընկերներ ու դաշնակիցներ։ Եվ պետք չէ զարմանալ, որ այդ պետությունները հեռանում են նրանից, իսկ խոշոր տերություններն այդպես էլ չեն դարձել Մոսկվայի ռազմավարական գործընկերները։ Ռուսաստանում հիմա իշխանության գլուխ են մարդիկ, ովքեր մոտավոր ժամանակահատվածի կտրվածքով վարվող քաղաքականությունը կառուցում են` ելնելով հասկանալի և իրենց համար «շոշափելի» ռեսուրսներից ու խնդիրներից։ Սակայն Ռուսաստանի դրությունն աշխարհում պահանջում է առաջնահերթ դարձնել ռազմավարական խնդիրների լուծումը, իսկ այս դաշտում Ռուսաստանը չի կարող սահմանափակվել միայն խոշոր տերությունների հետ հարաբերություններով` անտեսելով փոքր պետություններին ու ժողովուրդներին։ Ռուսաստանին բառացիորեն մղում են դաշնակիցներին կորցնելու քաղաքականության, և նա առայժմ խաղում է օտարների, փորձառու քաղաքագետների ու քաղաքական ծրագրավորողների, իր աշխարհաքաղաքական հակառակորդների խաղը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ